Մանկապարտեզ: Առակներ

staic slider

Առակներ

«Թիթեռն ու թրթուրը»

Մի օր թիթեռն ասաց` թրթուր,                                               

Նայում եմ քեզ, ես` ուր, դու` ուր:
Քեզ սազում է խոնավ հողը,
Ինձ` երկինքը ու վառ շողը:
Պատասխանեց թրթուրն այսպես.
-Այ ցեղակից, հերիք փքվես,
Թրթուր էիր դու էլ ինձ պես:






«Աղվեսը հավանոցում»

Խստիվ հսկվող տերունական հավանոցում
Մի շեկ աղվես իրեն շուն էր ձևացնում,-
-Իջի'ր թառից, Աքլոր ախպեր,
Ես ձեր բակի շունն եմ ջահել:
-Ասենք շան են աչքերդ կեղծ,
Բայց ինչու՞ ես հաչելուց զերծ:
Ու՞մ է, արդյոք, փաստն այս այդքան
Ասե'ք, հավքեր, գոհացնում.
Շան պաշտոնում աղվեսներ կան
Տերունական հավանոցում:




«Գահն ու արքան»

Արարչից է արքան օծված,

Թե՝ ընտրված հանրությունից,
Գահն է ճըռռում բեռից հոգնած՝
Ազատվելով համրությունից,
Ոչ թե Տիրոջ կամքով օծված
Գահակալի ծանրությունից,
Կամ՝ անվայել դերից խոցված,
Այլ՝ արքայի... մանրությունից:
Լավ չէ իշխելն ծախ ու առքով,
Գահիդ, արքա, տիրիր փառքով:



«Էծն ու հոտը»

Ինքնահավան, հիմար էծի
Տվին պաշտոն հոտի մեծի,
Նա էլ բերեց գառ ու մաքի
Վիհերը սուր սար ու քերծի:
Ինչպես բրդի կծիկ ու գունդ
Ոչխարները թըռռա՜ն անդունդ...
Էծը նայեց նրանց վերից
Ու հայհոյեց խեղճերին թունդ:
Այս է առակն իմ կտակում
Կես լուրջ ասված չար կատակում.
Հանձնվում է ազգդ մահին,
Երբ հիմարն է բազմած գահին:



«Ագռավն ու որդը»

Վիճում էին երկու որդ՝

Հարազատներ, ոչ թե՝ խորթ.
Ո՞վ է համով - շեկ արքա՞ն,
Թե՝ ստրուկը՞ սևամորթ:
Ագռավը,- Լավն ու թերին,-
Ասաց եղբայր որդերին,-
Ես այսպես եմ որոշում...
Ու կուլ տվեց որբերին:
Ըստ ագռավի չարահորդ
Համն ու հոտը նույն են, ո'րդ,
Թե՝ արքայի շիկահեր,
Թե՝ ստրուկի սևամորթ:


«Դիմեց առյուծին զարմացած օձը»

Դիմեց առյուծին զարմացած օձը,
-Էշն ավարտե՞լ է վերին դպրոցը:
-Ավարտել է, բայց,- մռնչաց արքան,
-Նույն քացի տալն է ու նույն զռռոցը:




«Ջրհորն ու դույլը»


Դույլը իջավ ջրհորը՝

Ջրով լցնի իր փորը:
Կպավ քարոտ հատակին,
Չհավատաց կատակին:
Նայեց դատարկ իր փորին,
Դիմեց հարցով ջրհորին,
-Ջրերդ սառ, հորածին
Ինչպե՞ս և ու՞ր ծորացին:
-Հարցդ պարզ է ու դյուրին,
Ասաց ջրհորը դույլին:
Չկա հավերժ մատուցում
Առանց պարտքի հատուցում:
Որ ջուր խմի, մարդ, փորդ,
Մաքուր պահիր ջրհորդ:


«Կյանքի կռիվը»

Մենամարտում Կատվի - Մկան
Գռփող Շունն էր մարտավկան:
Զոհ, կեր դարձած Մկան պատվին
Շունը հետո գզեց Կատվին:
Ահազանգ է այս առակը.
Ո՞վ է այստեղ անառակը,
Պատասխանեք Աստծուն, մարդուն՝
Կուշտ Շու՞նը, թե՞ սոված Կատուն:
Ինչու՞ դիտել խաղը Կատվի
Մինչև Մկան կյանքը հատվի:
Այսպիսին է նաև մարդը.
Օգնել է պետք միչև մարտը:


«Արքան ու մոծակը»


Արքան գահին բազմեց,

Մոծակը՝ նրա մռթին,
Մեկ էլ մի միտք կազմեց
Քաղաքական, խրթին,-
-Աղվեսներ կան առկա,
Քծնում են ու խափում,-
Ասաց մոծակն,- արքա,
Տերությունն են լափում:
-Դու'ք էլ լափողն եք նույն՝
Մոծակներդ անթիվ:
-Մենք լափում ենք արյուն,
Քծնողները՝ պատիվ:
Այս է իմաստն, արքա,
Առակիս՝ այդ առթիվ.
Մի տիկ արյունն անգամ
Չառժի մի թաս պատիվ:
Առակիս՝ այդ առթիվ.
Մի տիկ արյունն անգամ
Չառժի մի թաս պատիվ:




«Գառն ու մաքին»

Գայլ-գազանից հեռու – մութ փարախում՝ թաքուն
Գառը մի հարց տվեց պառաված մայր մաքուն,-
-Թեկնածունե'ր կան գահի՝ իղձերով լի, համառ՝
Արջ, առյուծ ու գայլ, մեզ ո՞ր մեկն է հարմար:
-Նա', ով տուն է բերում հանդից խոտ ու գարի,
Դրանք գազաններ են, լավը - եզն է բարի:
Առակիս մեջ, մաքի', այս ինաստն է առկա.
Եզն էլ գազան է նենգ – հենց որ օծվեց արքա:


«Շահն ու իմաստունը»


-Ասա', իմաստուն, ինձ առանց ահի,-

Որոտաց գահից հարցը գոռ շահի,-
- Զորեղ եմ ու քաջ, աշխարհ եմ գերել-
Կ՞ա մի բան, որին չեմ կարող տիրել:
Իմաստունն ասաց՝ զսպելով ահը -
Մեր սերն է, միտքը, մեկ էլ քո մահը:




Օձն ու գանձը»

Մի թաքցրված գանձարանում՝
Գահից զրկված մի չար շահի,
Մի սև օձ էր տնորինում՝
Նա էր տերը գանձ ու գահի:
Նկուղներում զարզանդ ու մութ,
Ուր չկար դուռ ու լուսամուտ,
Հարստությունն անհայտ ու գոց
Օձ շահի տեղ տիրեց սև օձ:
Ասում են, թե մեռյալ՝ հողում
Դառնում են նենգ մարդիկ սողուն:
Այս է իմաստն այս առակի՝
Հեքիաթային, աներևույթ.
Գահն ու ոսկին, չե'ք առարկի,
Փոխում են վարք, ո'չ թե՝ բնույթ:


«Գայլը, աղվեսն ու ջորին»


Գայլը, աղվեսն ու ջորին եղբայրացան ու գնացին: Երբ սովածացան և որսի չհանդիպեցին, ասացին.

— Եկեք ուտենք նրան, ով տարիքով փոքր է:
Այսպես ասեցին գայլը և աղվեսը, որովհետև կամենում էին ջորուն ուտել: Գայլին հարցրին, թե ո՞ր տարվա գայլն ես: Նա ասաց, թե ես այն գայլն եմ, որին Նոյը տապանն առավ:
Աղվեսն առաջ եկավ և ասաց.
— Օ, դու տասը ազգով ինձանից փոքր ես. ես այն աղվեսն եմ, որին աստված ստեղծեց:
Ջորին եկավ և ասաց.
— Իմ ծննդյան թվականը գրված է սմբակիս վրա, եկեք կարդացեք և տեսեք՝ քանի տարեկան եմ:
Նա ոտքը բարձրացրեց: Աղվեսն ասաց գայլին.
— Գիտեմ, որ դու դպրոցում եղել ես, արի գիրը կարդա: Գայլը հավատաց և գնաց կարդալու: Ջորին ասաց.
— Առաջ արի, որովհետև գիրս մանր է:
Նա առաջ գնաց, և ջորին սաստիկ ուժով զարկեց գայլի ճակատին ու ջախջախեց: Գայլը գնաց կողկոնձալով: Աղվեսն ասաց գայլին.
— Արի, մի տող էլ կա, այն էլ կարդա:
Գայլն ասաց.
— Ես ինչ գիտեի գիրը, մենք ազգե ազգ մսագործ ենք և մսեգործի որդի:




«Անմիտ մարդը»

Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հարված տվեց նրան:
Ծառը զայրացավ և ասաց.
- Ով անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից:



«Այրի կին և խորդ որդի»

Մի այրի կին ուներ մի կով և նրա խորթ որդին ուներ մի էշ:
Եվ խորթ որդին գողանում էր կովի կերը տալիս էշին:
Եվ այրի կինն Աստծուն աղաչեց, որ Աստված էշին մեռցնի:
 Բայց կովը մեռավ և այրին լաց եղավ և ասաց.
Ով Աստված, միթե՞ չկարեցար էշը կովից տարբերել:



« Փիղն իր որդուն տվեց Պլատոնի մոտ...»

Փիղն իր որդուն տվեց Պլատոնի մոտ, որ իմաստություն սովորի:
Պլատոնը նախ սկսեց սովորեցնել նրան լսարանում չոքելը, բայց
նա չէր կարողանում, ապա ասաց նրան՝ գլուխդ խոնարհիր, այդ էլ չկարողացավ:
Պլատոնն այն ժամ նրան հորը վերադարձրեց և ասաց .
- Որդիդ արժանի է թագավորի պալատում լինելու՝ միշտ ոտքի
վրա կանգնած, և ոչ իմ լսարանում, որովհետև ոչ նստել կարող
է, ոչ գլուխ խոնարհել:


«Կատուն թախանձում էր ոզնուն»

Կատուն թախանձում էր ոզնուն.
-Որդուդ տուր ինձ հոգեզավակ, և դառնանք բարեկամ :
Եվ երբ բազում թախանձանքից հետո ստացավ ուզածը, ասաց .
-Որովհետև դժվարահամբույր է որդիդ, ուստի մերկացրու
նրան փշերից, որպեսզի հեշտ լինի գրկել նրան ու գգվել:
Ոզնին խաբվեց և, մերկացնելով որդուն փշերից, տվեց կատվին,
որը կերավ իսկույն, իսկ ոզնին հեռացավ կսկծալից լաց ու կոծով:


«Արջի փորը ցավեց...»

Արջի փորը ցավեց, դեղ հարցրեց աղվեսից, և սա ասաց .
- Մի բարեպաշտ մարդ դրա դեղն ունի , կերթաս նրա մոտ և նա մեղր կտա, որը շատ օգուտ է քեզ:
Արջը ճամփա ընկավ և երբ մոտեցավ գյուղին, շները հալածելով փախցրին նրան, և նա սկսեց մեղադրել աղվեսին:

Աղվեսն ասաց.
- Այն մարդը, որ քեզ ոչ շներից ազատեց և ոչ էլ դեղ տվեց, տգետ է և օրենքից անտեղյակ :
Արի քեզ տանեմ մի կրոնավորի մոտ, որը հմուտ է աստվածաբանության մեջ և բանիմաց է:
Երբ կրոնավորը տեսավ արջին ու աղվեսին, սկսեց նախատել նրանց և մերժել:
Աղվեսը արջին ցույց տվեց մեղվանոցի մուտքը, ուր մտավ արջն անմիջապես,
կերավ մի փեթակ և մեկն էլ վերցնելով ճամփա ընկավ:
Կրոնավորն սկսեց անիծել աղվեսին, որպես վնասի պատճառի:

Աղվեսն ասաց.
- Ես մեղավոր չեմ, որ արջը տմարդություն արավ:
Մեղքը քոնն է, որ դեղի համար չտվիր մեղրը, այլ ՝ փորի:


«Հոտն ընթանալիս...»

Հոտն ընթանալիս շարժվում էին ոչխարների դմակները:
Այծերը նախանձից դրդված սկսեցին բամբասել նրանց և ասացին .
- Ինչու մեզ նման պարկեշտությամբ չեք քայլում:


«Ձկներին մեղադրում էր իրեց թագավորը»

Ձկներին մեղադրում էր իրեց թագավորը, ասելով, թե ինչու եք
 ուտում ձեզանից մանր կենդանիներին: Եվ ձկները
համարձակվելով ասացին . “Քեզանից ենք սովորում,
որովհետև շատերը գալիս են քեզ երկրպագելու, և
դու կուլ տալով նրանց, կերակուր ես դարձնում քեզ համար:
Ուստի և մենք քեզանից սովորելով, հանդգնում ենք”:


«Բարձր լեռ»

Երկրում կար շատ բարձր ու անմատչելի մի լեռ :
Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա,
որովհետև լի էր նա ամենայն բարիքով:
Սակայն շատ էր դժվարին նրա վրա բարձրանալը, թեպետև
ուներ բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա
բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու,
սայթաքեցին և ցած գլորվելով հասան մինչև հատակը,
իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ գավազանի օգնությանբ
աշխատեցին շարունակել վերելքը, բարձրացան լեռան վրա և
հանգիստ կյանք վայելեցին:
Այսպես թուլակազմները մնում են կես ճանապարհին ու
կորչում, իսկ հաստատակամները, համբերությունն իրենց
նեցուկ ունենալով վեր են բարձրանում ու հասնում նպատակին:



«Զատկի տոնին հավատացյալները»

Զատկի տոնին հավատացյալները հաղորդվելու եկան:
Մի հովվի էլ համոզեցին, որ նա ևս հաղորդվի,
բայց հովիվը երբ հաղորդությունը տեսավ, փախավ,
ասելով. “Ոչ ճաշ է, որ ուտեմ, և ոչ ընթրիք “ :
Ու չհավանելով ՝ թողեց ու գնաց:



«Անմիտ մարդը»

Մի անմիտ մարդ հունապի ծառը դժնիկ կարծելով հարված տվեց նրան:
Ծառը զայրացավ և ասաց.
- Ով անագորույն, ծառը իր պտղից պետք է ճանաչել և ոչ թե տեսքից:



«Աղքատ և ավետարան»

Մի գյուղացի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի եկեղեցին, որ խարխուլ էր և նաձրևակեղ: Եվ այն աղքատը անձրևաթաց էր և քաղցած և հագել էր պատառոտուն զգեստ և դողում էր և հոգնել էր ճանապարհից:

Ներս մտավ քահանան, սկսեց ժամ ասել: Առավ Ավետարանը և կարդաց այն էջը, ուր գրված էր, թե օտարական էի` ընդունեցիք ինձ, մերկ էի` հագցրիք ինձ, քաղցած էի կերակրեցիք ինձ, ծարավ էի` հագեցրիք ինձ:

ի աղքատ մի գյուղ եկավ և մտավ գյուղի
Այն աղքատը լսեց և ուրախացավ.
Այս ինձ համար է ասված և ահա շուտով կկատարեն իմ կամքը:
Իսկ քահանան ժամն արձակեց և գնաց տուն, աղքատին թողեց եկեղեցու մեջ և հոգ չտարավ նրա մասին: Եվ աղքատն ասաց. Այն գիրն, որ կարդաց նա, սուտ էր: Եվ առավ Ավետարանը, վրան քար դրեց և սուզեց ջրի մեջ:
Եվ քահանան եկեղեցի գալով Ավետարանը չգտավ: Աղքատին ասաց. Ո՞ւր է Ավետարանը:
Եվ աղքատն ասաց քահանային.

Ի՞նչ ես անում, սուտ Ավետարանը ես տարա ջուրը գցեցի: Եվ քահանան բարկանալով սկսեց ծեծել աղքատին, և աղքատն ասաց.
Ինչո՞ւ էս ծեծում ինձ, անիրավ, եթե հավատում ես, թե Ավետարանը Աստծու ճշմարիտ խոսքն է, ապա ինչու չես կատարում նրա կամքը: Որովհետև ես օտարական եմ և ինձ չեք ընդունում, մերկ եմ և ինձ չեք հագցնում, քաղցած եմ չեք կերակրում ինձ, ծարավ եմ, ջուր չեք տալիս: Միթե Աստված այդ բաների պակասությունն ուներ և ամենն իրեն համար ասաց:



«Կտակ վասն գանձի»

Մի իմաստուն և աղքատ մարդ ուներ ծույլ որդիներ: Մահվան ժամին նա կանչեց որդիներին և ասաց.
Ով զավակներ, իմ նախնիները շատ գանձ են թաղել մեր այգում, և ես ձեզ ցույց չեմ տա նրա տեղը:
Այդ գանձը կգտնի նա, ով շատ աշխատի և խոր փորի:
Եվ հոր մահից հետո որդիներն սկսեցին աշխատել մեծ եռանդով և խորագույն էին վարում, որովհետև
 յուրաքանչյուրն աշխատում էր, որ ինքը գտնի գանձը:
Եվ այգին սկսեց աճել և զորանալ և առատ բերք տվեց և նրանց հարստացրեց գանձերով:



«Գորտն ու ագռավը»

Մի գորտ ընկած ցամաք առուն
Կռկռում էր, հա կռկռում:
Քիչ կռկռա, այ գորտ քեռի:
Աշուն կգա, ջուր կբերի, -
Հույս էր տալիս մի սև ագռավ:
-Է, ի՞նչ անեմ, սիրտս վառավ,
Մինչև ցամաք առուն ջուր գա,
Գորտի աչքն էլ հո դուրս կգա:



«Մարդ, ընկույզ և ձմերուկ»

Մի մարդ ընկույզի ծառի տակ ձմերուկ էր ցանել: Եվ պտուղի ժամանակ եկավ տեսավ մեծամեծ ձմերուկները և ծառին նայեց, տեսավ, որ ընկույզը մանր էր: Մարդն ասաց. “Տեր Աստված, ինչ որ ստեղծել ես` ամենը կարգին է և մի բանի նման: Իսկ այս երկու պտուղը անկարգ են, բանի նմանչեն”: Մարդն ասում էր, որ ընկույզի տեղ ձմերուկ  պիտի լիներ ծառին և ընկույզը ձմերուկի թփի վրա: Եվ նա պառկեց ծառի տակ և նայեց ծառին, և հանկարծ մի ընկույզ պոկվեց ծառից և շատ պինդ կպավ նրա ճակատին և ճակատը պատռեց, և արյուն ելավ: Եվ մարդը վեր կացավ տեղից և աղաղակեց.

Տեր Աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ, և ով չհավանի քո ստեղծածը, նրա ճակատը իմից վատ լինի, որովհետև ընկույզի տեղ ձմերուկ լիներ, ինձ պիտի սպաներ”:



«Էշն ու ճպուռները»

Էշը լսեց ճպուռների ճռռոցը, նրանց քաղցր երգը դուր եկավ իրեն, ու նախանձով հարց տվեց, “Ինչո՞վ եք սնվում, որ այդպիսի ձայն ունեք”.-”Ցողով”,-պատասխանեցին ճպուռները: Էշն էլ սկսեց ցողով սնվել, բայց քաղցից սատկեց:
Այդպես էլ այն մարդիկ, որոնք իրենց բնավորության հակառակ որևէ բան են ձեռք բերում, նպատակին չեն հասնում, և դեռ մեծ փորձությունների են ենթարկվում:



«Կռունկն ու սագը»

Կապուտակ լճի ջրի երեսին
Ճարպիկ ու արագ սագիկն է լողամ.
Սուրում ջրի տակ, դուրս գալիս կրկին,
Ու ինքը իրեն բարձրաձայն գովում.
Օդում թռչում եմ, ցամաքում շրջում,
Լճակի ջուրը պատռում նետի պես,
Ինձ պես ուրիշը չկա աշխարհում,
Ողջ թռչունների թագավորն եմ ես։
Իզուր ես գովում, քույրիկ, ինքդ քեզ,
Կռունկը նրան ձայնեց վերևից,
Կարո՞ղ ես արդյոք լողալ ձկան պես,
Եղնիկի նման վազել քարափից:
Արծվի նման հպարտ, փառավոր,
Կարո՞ղ ես պատռել ծալքերն ամպերի...
Լավ է գիտենալ մի բան հիմնավոր,

Քան թե շատ բաներ, բոլորն էլ թերի։